Իմ բնակարանը գտնվում է 9, rue Stanislas Paris-6 հասցեում։ Շենքն աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետությամբ։ Այն ամբողջովին կառուցված է ճերմակ բազալտից։ Կանաչապատ բակում իդեալական մաքրություն է տիրում։ Որոշ հատվածներ մարմարապատ են, որոնք ամեն առավոտ մեծ ջանասիրությամբ փոշեկուլով սրբում է շենքի պատասխանատուն՝ gardien-ը։ Վարդերը, շուշանները, եղևնիներն առավոտյան ջրումից հետո հո չե՜ն բուրում։ Իմ լայնարձակ պատուհանը միշտ բաց է, նույնիսկ ձմռանը․․․ Այս առթիվ մի դեպք հիշեցի։ Հերթական այցս էր Երևան։ Երկու ամիս անց վերադարձա Լևոնի հետ։ Երբ տաքսին կանգ առավ մեր շենքի մոտ, անմիջապես նկատեցի, որ իմ բնակարանի պատուհանը բաց է։ Մի պահ վախեցա՝ հաստատ կողոպուտ է կատարվել։ Պարզվեց, որ մոռացել էի այն փակել։ Լևոնն ասաց․ << Ա՛յ տնաշեն, մի քիչ ուշադիր եղիր էլի, այդքան ցրված միայն դու կարող ես լինել, նման բան միայն դու կարող ես անել>>։ Ինչևէ․․․ Մեր թաղամասը, իրոք, ապահով է։ Մոնպարնասում շատ ազնիվ մթնոլորտ է տիրում։
Ես դեռ չգիտեի, թե ովքեր են այս ռեզիդանսի բնակիչները։ Մի առավոտ վերելակով իջնում էի՝ կատարելու իմ ամենօրյա սուրճ խմելու արարողությունը Select սրճարանում։ Այն իմ տանից մի քանի քայլ այն կողմ է գտնվում։ Ճիշտ դեմ- դիմաց հայտնի Coupol սրճարան-ռեստորանն է։ Select-ում սրճելն ինձ համար ավելի շատ հաղորդակցվելու միջոց է, քան կենսական պահանջ։ Վերելակում հանդիպեցի բարձրահասակ, բարեկազմ, նրբագեղ հագնված, մանր վանդակավոր պիջակով, բերետով մի պարոնի՝ պարանով իրար կապած մի քանի կտավ ձեռքին։
-Bonjour,- ժպիտով արձագանքեց նա իմ բարևին,- հավանաբար, դուք նորաբնա՞կ եք, առաջներում ձեզ չեմ տեսել։ Ձեր տեսքից դժվար չէ կռահել, որ արտիստ եք․․․
-Այո,- ասացի ես՝ հայացքս ձեռքի կտավներին,- իսկ դուք, պարզից էլ պարզ է՝ նկարիչ եք։
-Ոչ, - պատասխանեց,- նկարիչ չեմ, բայց նկարիչների լավ բարեկամն եմ, նրանց ներկեր, վրձիններ, կտավներ եմ մատակարարում՝ Marchand de Couleurs (հաճույք, վայելք պառճառող)։ Ներկայանամ՝ Էդուարդ Ադամ։
-Շատ հաճելի է, ուրախ եմ ծանոթության համար,- ասացի,- ես էլ ժաննա Բլբուլյանն եմ։
- Ա՛հ, դուք հայուհի եք, շատ ուրախ եմ, ես շատ լավ հայ բարեկամներ, ծանոթներ ունեմ։ Գիտեմ, որ աշխարհում միայն հայերի ազգանուններն են ավարտվում յան-ով, ինչը շատ հետաքրքիր է․․․Ասացիք՝ արտիստ եք, ո՞ր բնագավառում, հավանաբար, կինոյու՞մ։ Ես ձեզ միանգամից նմանեցրի հայտնի Օդրիին։
- Մերսի, մսյո։ Այդ մասին ինձ շատ են ասել։ Իմ երկրում երկար տարիներ եղել եմ թատրոնում, ծառայել բեմին։ Կինոյում էլ որոշ ներդրումներ ունեմ։ Այստեղ՝ Փարիզում միայն երաժշտությամբ եմ զբաղվում։ Ի դեպ, Փարիզն իմ երաժշտական կնքահայրը դարձավ։ Այստեղ՝ այս չքնաղ քաղաքում եմ սկսել երաժշտություն գրել, ստեղծագործել, որովհետև իմ թատրոնը չկար․․․
- Հասկացա՜,- ժպտաց Էդուարդ Ադամը,- այդ դուք եք ամեն առավոտ նվագում։ Պատուհանից միշտ հաճելի երաժշտություն է հնչում։
-Այո, պարոն, այդ ես եմ նվագում։ Շնորհակալություն։
Մենք սիրալիր ժպիտով բաժանվեցինք։
Այդպես կայացավ իմ վերելակային ծանոթությունը Փարիզի, Մոնպարնասի ամենավառ անհատակնություններից մեկի՝ Էդուարդ Ադամի հետ, և մեր բարեկամությունն առայսօր շարունակվում է։
Հաջորդ օրը նամակների արկղիկը բացելիս աչքի զարնող մի մեծ փաթեթ գտա։ Այնտեղ բազմաթիվ ամսագրեր, թերթեր, նամակներ, լուսանկարներ, հոդվածներ կային, որ ուղարկել էր Էդուարդ Ադամը։ Այդ բոլորը նրա ստեղծագործական անհատականության, ինքնատիպ խառնվածքի, հետաքրքիր հանդիպումների, ծանոթությունների, անցած նշանակալից ճանապարհի մասին էին։ Մինչև կեսօրս զբաղված էի այդ հետաքրքիր անձնավորության մասին հոդվածները, նկարները կարդալով, ուսումնասիրելով ․․․ Ամբողջ կյանքն ապրել էր Փարիզում՝ Մոնպարնասում։ Պապը՝ Գասթոն Ադամը, եղել է գեղարվեստական կտավների, նկարների շրջանակների, վրձինների, գույների վաճառող (Marchand du Couleurs)։ 1988թ․ նա Վերսալից տեղափոխվել, հաստատվել է Մոնպարնասում՝ Բուլվար Էդգար Գինէում և հիմնել իր խանութ- սրահը։
Զանգահարեցի Էդուարդին, հայտնեցի հիացմունքս, շնորհավորեցի։ Ի պատասխան՝ նա ինձ հրավիրեց հաջորդ օրը միասին ճաշելու Coupol սրճարան-ռեստորանում՝ ավելի մանրամասնորեն ներկայացնելու համար իր գործունեությունը։ Երևում էր, որ շատ ինքնատիպ, հարուստ ներաշխարհով և կենսագրություն ունեցող մեկն էր այդ մսյո Ադամը․․․
Հաջորդ օրը հանդիպեցինք Coupol -ում՝ ճաշի սեղանի շուրջ։ Շատ անկաշկանդ, պարզ շարժուձևով, ջերմ ու բարի մարդ էր Էդուարդը։ Մեր երկխոսությունը միանգամից ստացվեց։ Ասես վաղուցվա ծանոթներ լինեինք։ Հարցրեց ծնողներիս, ամուսնուս, երեխաներիս և իմ անցած ստեղծագործական ճանապարհի մասին։ Գիտեր Հայաստանում տիրող վիճակը: Հետաքրքրվեց, թե ով է նորընտիր նախագահը։ Խոսեցինք Արցախի, Հայոց ցեղասպանության խնդիրներից՝ կարևորելով Արցախի ինքնորոշման ճանաչումը՝ Հայաստանի և ընդհանուր հայության հետագա ճակատագրի առումով։ Պատմեցի Հայաստանի բնակլիմայական պայմանների, գեղեցիկ, տեսարժան վայրերի, հայոց ծիրանի, խաղողի, գինիների անզուգական համի ու օգտակարության մասին։